Դեմիրճյանականներն այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

image

Փետրվարի 13-ին դեմիրճանական սաները այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այս ուսումնական հաստատության շնորհիվ  է ՀՀ զինված ուժերը տարեցտարի համալրվում բարձրորակ սպայական կադրերով:

Աշակերտները ոտք դնելով ինստիտուտ՝ մայոր Թևանյանի կարգադրությամբ շարք կազմեցին և առաջին վայրը, ուր պիտի ուղղեին իրենց քայլերը, «Փառքի սրահն» էր: Այստեղ լուռ ոգևորությամբ ու ակնածանքով նրանք լսեցին ռազմական ինստիտուտի շրջանավարտների մասին, ովքեր ներգրավվելով ազգային պաշտպանության սուրբ գործի մեջ, նահատակվել էին: Սրահում դրված զորամասի մարտական դրոշի մասին իմացան, որ այն խստորեն պահպանվում և հսկվում է զինված պահակի կողմից, և որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պատվել այն, երբ անցնում է կողքով: Սրահում ցուցադրված էին ակադեմիայի ձեռքբերումներն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ,  շնորհակալագրեր,  պատվոգրեր, ռազմական ինստիտուտի կուրսանտների նվաճած գավաթներն ու մրցանակները: Ինչպես պարզվեց, ռազմական ինստիտուտն ուներ իր պաշտոնաթերթը` «Կուրսանտը», որին արժանացան բարձր առաջադիմություն ունեցող մեր սաները` իբրև խրախուսական պարգև:

Այնուհետև ամենն աչքի անցկացնելուց հետո՝ հետաքրքրասեր դեմիրճանականները շտապեցին դեպի ինստիտուտի թանգարան: Այստեղ դիտելու և ծանոթանալու շատ բան կար: Մի ամբողջ պատմություն,  Արցախյան պատերազմի մարտական պատմությունն էր ամփոփված թանգարանի պատերի ներսում` սկսած պետական կարևոր հանդիպումներն ու միջոցառումների դրվագները պատկերող լուսանկարներից մինչև ազգային հերոսների անձնական իրերն ու պատերազմում արդեն մաշված, նկուղներում պատրաստված ինքնաշեն զենքերը: Օրինակ` ցուցադրված ամերիկյան արտադրության «Մաքսիմ» գնդացիրը, մասնակցել էր Առաջին համաշխարհային պատերազմին, այնուհետև Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին ու Երկրորդ համաշխարհայինին:

Սաներին ներկայացվեց նաև ռազմական հաստատության ստեղծման եւ վերակազմավորման պատմությունը, կառուցվածքը և կրթական գործընթացը: Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Բոլորն իրապես հետաքրքրված էին, թե որտեղ և ինչպես են սնվում ապագա սպաները, ինչպես նաև հարմարավետ են արդյոք ննջասենյակները և, ընդհանրապես, ինչպես է անցնում կուրսանտի առօրյան: Իհարկե, այս ամենը ցուցադրվեց, և բոլորը կարծես գոհ էին և իրազեկված: Հագեցած մեկժամանոց էքսկուրսիան բացահայտեց աշակերտների համար խրոխտ ու հայրենասեր զինծառայողի յուրհատուկ աշխարհը, որի մի մասնիկը գուցե մի օր էլ իրենք կազմեն:  Ռազմական ինստիտուտին հրաժեշտ տալիս սաները քաջալերանքի և շնորհակալության խոսքեր ասացին կուրսանտներին` կոչելով նրանց «ապագա հերոսներ» և «մեր պաշտպաններ»:

image (4) image (3) image (2) image (1)

  • Լրահոս