Մեր Դպրոցը

3000-ամյա Երևանը իր հին ու նոր երազների հետ փռում է իր թևերը և տարեցտարի ընդլայնում իր սահմանները:
Նոր Նորքի համայնքը Երևանի 7-րդ զարկերակն է, որի ճախրանքը արարել են մեր վաստակած հայերը:
Հայ մարդը վաղուց է հասկացել գիտելիքի ուժը, իսկ գիտելիքներ ձեռք բերելու դարբնոցը դպրոցն է:
1968 թ․ հիմնադրվեց Երևանի հ 139 միջնակարգ դպրոցը:
Աշխատասեր և բարեխիղճ մանկավարժների աստղաբույլը, գիտելիքը գիտելիքին հյուսելով, կրթեց ու դաստիարակեց հայրենիքի պաշտպան խիզախ զինվորի, գիտնականի, հայրենիքի շահերը պաշտպանող քաղաքական գործչի և իսկական հայ մարդու: Կարճ ժամանակ անց դպրոցում անգլերենի խորացված ուսուցումը հասավ իր գագաթնակետին․ դպրոցի սաները հանրապետությունում փայլեցին անգլերենի կատարյալ իմացությամբ և համարյա բոլոր օլիմպիադաներից վերադառնում էին հաղթանակած:
Դպրոցը հպարտացավ իր աշակերտների հաջողություններով, բայց երբեք չմեծամտացավ: 2002 թ․ դպրոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս Կ․ Դեմիրճյանի անունով: Դեմիրճյանական լինելը արդեն մեծ պատիվ է: Այժմ դպրոցը իր ուսումնական գործընթացը կազմակերպում է նոր չափորոշիչներին համապատասխան: Այն ապահովել և ապահովում է ժամանակի պահանջներին բավարարող որակյալ կրթություն, սերմանում է հոգևոր և ազգային արժեքներ իր սաների հոգում, որոնց ձեռքերում է երկրի ապագան:
Սիրիահայ շատ երեխաների համար դպրոցը հոգատարություն և սեր ցուցաբերեց, ինչի շնորհիվ սիրիահայ շատ դպրոցականներ դարձան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Յուրաքանչյուր տարի դպրոցը համալրվում է երիտասարդ ուսուցիչներով, որոնք իրենց հետ բերում են նոր խոսք, նոր որակ և նոր մոտեցում:
Վստահաբար կարող ենք ասել՝ մեր դպրոցը իսկական հայակերտումի օրրան է: