Տերևների լռության մեղեդին

image (5)

Հրավիրված եմ թիվ 139 ավագ դպրոց։
Միջոցառումը կազմակերպել և վարում է Սուսաննա Մելքոնյանը։
Գույնզգույն մոմերի թույլ լույսը ոլորվում էր սրահի առաստաղին և…թվում էր՝ լուսնկան օծում էր միգապատ անտառը։
Տերևի թաց բույրը ողողում էր մեր հոգում պահված մառախլապատ աշունների օվկիանները։
Աշունը ոսկի է լալիս,
Իմ հոգում թախիծ է ոսկի։
/ԱՆահիտ Տարոնցի/
Ավագ դպրոցի աշակերտների ոտնահետքերին աշունն էր հևում…
Մե’կ մռայլ ու արևոտ, մե’կ տխուր ու քրիզանթեմի նման ճերմակ ու երազային։
Ասմունքում են…ձայնի ելևէջները դառնում են մեղեդիներ ու… հալվում պարուհու զգեստի փեշերին։
Նազում է պարուհին, աշնանային վալսը ճեմում է հատակին, տերևների մեջ… քամին շշնջում է հեռացող տերևին։
— Պարի’ր, սա հավերժի հետ մեռնող ևս մեկ աշուն է, պարի~ր…
Հնչեց խրոխտ մեղեդին։ Եռագույնով շղարշվեց աշակերտների երկնակամարը … պարը դարերից եկող հայոց պատմությունն էր հիշեցնում.
Մոլորակը պիտի զարթնի
Հայոց մարտի դղրղոցից։
/ Ա.Տարոնցի/
Որոտ ու բողոք կար երաժշտության հնչյունների ելևէջներում և …
Դահլիճը քարացել էր։
Տիկին Մելքոնյանի ասմունքն ու աշակերտների ելույթները
հիացմունք պատճառեցին մեզ։
Թվում էր՝ կարոտ էինք մի ջերմ խոսքի, մի անկեղծ քառյակի։
Ուսուցչուհիների հոգիներում ճախրում էր պոեզիան։
Զմայլված էինք բառերի մեղեդիով, աշնան դեղին -կարմիր տերևների հեքիաթով։
Հատուկ շնորհակալությունս՝ Հարություն Եբեյանին, իր անկեղծ վերաբերմունքի և միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
Տիկին Ջհանգիրյանի դպրոցում տեսանք հրաշալի կոլեկտիվ, համերաշխ և անկեղծ, թվում էր՝ ընտանիք էինք մտել։
Սիրելի’ տ.Սուսաննա Մելքոնյան, իմ անսահման գորովն ու ջերմությունը քեզ և բոլորին՝ ուսուցչուհիներին և աշակերտներին։
Նրանց հոգու լույսը դեռ երկար ժամանակ կքայլի ինձ հետ՝ լուսավորելով հուշերս։
Անահիտ Տարոնցի

image

image (4)

image (3)

image (2)

image (1)

  • Լրահոս