Հեռավար կրթությունը՝ կրթական համակարգի փորձաքար

69DCBFDF-2F52-4F10-9B30-E0CB5E86B276

2020թ. մարտի 6-ին Հանրակրթության մասին ՀՀ օրենքում կատարվեց փոփոխություն.այն է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացվեց հետևյալ բովանդակությամբ` 6.1 կետով:
6.1-հեռավար ( դիստանցիոն ) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետում: Եվ ահա տասն օր անց կրթության այս ձևը դարձավ ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման միակ ձևը,քանզի հանգամանքների բերումով հայտնվել էինք բացառիկ իրականությունում․ Երկիր մոլորակը հայտնվել էր պանդեմիայի ճիրաններում: Հեռավար կրթության իրականացման բազմաթիվ կարգավորումներ դեռևս սրբագրված չեն, մշակված և ընդունված չեն շատ կարգեր, և փոփոխված չեն ուսումնական ծրագրեր և ուսումնական պլաններ, խնդրահարույց է գնահատման համակարգը, էլ ավելի խոցելի է կրթական ծրագրերի իրականացման վերահսկողության եղանակներն ու ամփոփիչ ստուգման, ատեստավորման և փոխադրման հիմնահարցերը: Հուսանք, որ օրենքում նշված որոշակի ժամկետը կավարտվի մինչև երկրորդ կիսամյակի ավարտը՝ թույլ տալով շահառուներին ուստարին ավարտել առկա ուսուցման շրջանակներում: Սակայն մինչ այդ ուզում եմ փաստել որոշ հանգամանքներ:
1․Կրթական ողջ համակարգը ՝լիազոր մարմնի գլխավորությամբ, չկորցրեց և ոչ մի վայրկյան , արագ սթափվեց, դարձավ մի բռունցք և զարմանալի արագությամբ ընտրեց գոյություն ունեցող առցանց լավագույն հարթակները , զօրուգիշեր լծվեց կրթությունը <<տուն առաքելու>> բարդ, նոր, բայց հետաքրքիր գործին: Այս ընթացքում մեր բոլոր ուսուցիչները, որոնց գերակշռող մասը արդեն հատել էր 5-րդ տասնամյակը, երիտասարդի ավյունով ու հաստատակամությամբ յուրացրին առցանց ուսուցման բոլոր նրբությունները և էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձրին իրենց դասերն ու մատուցման եղանակներն ու մեթոդները:
2․ Կրթական համակարգը այսօր օգտագործում է տեղեկատվական բոլոր տեխնոլոգիաները, գոյություն ունեցող առցանց հարթակները՝ իր առջև ծառացած աննախադեպ վիճակից պատվով դուրս գալու համար: Այստեղ էլ պետք է արժանի մատուցել մեզանում նորարար գաղափարներ իրականացնող IT ոլորտի մեր ներկայացուցիչներին, որոնք սկսել էին ուսուցման առցանցման գործընթացը, սակայն վերջինս մեծ թափ ու արդիականացում ստացավ հատկապես հիմա:
3․Կրթության առցանց իրականացումը իրականություն դարձավ նաև մեր բազմամարդ շահառուների բանակի մեծ ոգևորության ու բարձր մասնակցության շնորհիվ: Այո՛,եթե չլիներ աշակերտների սովորելու անհագ ցանկությունը, իրականություն չէր դառնա հեռավար կրթությունը: Տպավորություն է ,թե առաջին անգամ աշակերտները և ուսուցիչները խոսեցին նույն լեզվով՝ արհամարհելով սերունդների միջև առկա տարաձայնություններն ու ժամանակները:
Թերություններ, որքա՜ն ուզեք ․ինտերնետ հասանելիությունից մինչև ակադեմիական ազնվության պակաս, բայց մի բան ակներև է. ամենախիստ քննադատության պայմաններում անգամ պետք է արձանագրել ՝ կրթական հեռավար գործընթացը հաջողությամբ իրականացվում է, իսկ մեր ուսուցիչներն ու կրթության կազմակերպիչները արժանի են լավագույն գնահատականի: Հեռավար կրթության իրականացման արդյունքում նորացված կրթական համակարգի լավագույն պտուղները հետագայում կվայելենք բոլորս:

Կլարա Ջհանգիրյան

  • Լրահոս