Գրավիչ մուտքի դաս

image

Ժամանակակից տեղեկատվական քաղաքակրթության դարաշրջանում աշխատում ենք այնպիսի պայմաններում,երբ գիտելիքներն արագ հնանում են,քան հասցնում են յուրացվել սովորողի կողմից,այդ պատճառով ստեղծագործ անհատի պատրաստման համար անհրաժեշտ են ուսուցման նոր մեթոդներ և ձևեր։
Ուսուցչի նպատակը սովորողի անհատական գործունեության զարգացումն է,մարդուն այնպես դաստիարակելը,որ համապատասխանի ժամանակակից պահանջներին։Այդ պատճառով էլ ուսուցումն այնպես պետք է կազմակերպել,որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա զարգանալ և բացահայտվել որպես ստեղծագործ անհատ։

Գրականության դպրոցական ծրագրում ընդգրկված են նյութեր,որոնց ուսուցումը բուն գրական գիտելիքներից բացի պայմանավորում է դպրոցականի արժեքային համակարգի,բարոյական կերպարի,մասնավորաբար հոգևոր ընկալկումների ձևավորում և զարգացում։Սակայն խնդրի լուծումը հնարավոր չէ իրականացնել սովորական դասի հայտնի ցուցիչներով ՝ ընթերցել ,անգիր ասել,վերլուծել,ուստի ենթադրում է ուսուցման կազմակերպման այլ մոտեցումներ։Ցանկացած նյութի ուսուցում արդյունավետ է,եթե ճիշտ են սահմանվում նպատակներն ու խնդիրները։
Ցանկացած օր յուրաքանչյուր ուսուցիչ իր դասը սկսելուց առաջ ունի մտավախություն․ինչպես և հետաքրքիր, և տպավորիչ սկսել դասը։Դասի տպավորիչ մուտքից է կախված հետագա ուսուցման հաջողությունը։
Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմի ուսուցումը արդեն իսկ դժվար է․հեղինակի տիեզերական մտածողությունը ներկայացնել սովորական բառերով և իջեցնել դպրոցական մակարդակի, արդեն իսկ հանգեցնում է թեմայի ուսուցման համարյա անհնարինության։
Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմի ուսուցման համար սահմանել եմ հետևյալ նպատակներն ու խնդիրները՝
Մեր ազգային հոգևոր ժառանգության ամենանշանակալի երկի ճանաչում և իմացություն,նրա համամարդկային նշանակության գիտակցում և արժևորում,ազգային հոգևոր արժեքների ճանաչման ուսումնառական հետաքրքրվածություն,սովորողներին հաղորդակից դարձնել մատյանի ոգուն և գեղարվեստական կերտվածքին,սերմանել և ձևավորել քրիստոնեական համամարդկային արժեքներով ապրելու գիտակից ըմբռնումներ։
Պատմել ավանդազրույց Նարեկացու մասին։
Միջնադարում սրբացած բանաստեղծին նվիրված եղել են բազմաթիվ զրույցներ, ավանդություններ։ Այդ պատմությունները հասել են մեզ:
Աղաւնիների կենդանացում
Մի քանի յաչաղկոտներ չարախօսում են Նարեկացու մասին եպիսկոպոսների եւ իշխանների մօտ: Իշխաններն ու եպիսկոպոսները հաւաքուելով` ուզում են նրան դատի մատնել․ հրաւիրակներ են ուղարկում Գրիգորի մօտ, որ նրան առնեն դատարան տանեն: Նարեկացին հեզութեամբ ընդունում է եկողներին եւ ճանապարհ ընկնելուց առաջ հացի հրաւիրելով նրանց` առաջները դնում է երկու խորոված աղաւնի: Օրն ուրբաթ է լինում․ հրաւիրակները յիշեցնում են այդ մասին Նարեկացուն: Վերջինս ներողութիւն է խնդրում, որ մոռացել է, թէ օրը պաս է, եւ ասում է, որ հիւրերը հրաման տան աղաւնիներին թռչելու: Հիւրերն, իհարկէ, այդ չեն կարողանում անել: Ինքը` Նարեկացին, նրանց տեղ հրամայում է, եւ աղաւնիները կենդանանալով թեւ են առնում ու թռչում: Եկողները, իրենց աչքով տեսնելով Նարեկացու սրբութիւնը, սարսափում են, եւ ամբաստանութիւնը խափանւում է:

Սկզբնաղբիւր: Երուանդ Լալայեան, Վասպուրական (Ազգագրական հանդէս, ԻԶ գիրք, Թիֆլիս 1916, էջ 94):
Հոգու մաքրագործման աղոթագիրքը ուսումնասիրելու համար նպատակահարմար է դասը սկսել սովորողներին ուղղված պարզ և սովորական հարց-առաջադրանքով։<<Ի՞նչ է աղոթքը>>։
Աղոթքը միություն է Աստծո հետ: Աղոթքն այն կապն է, որով մարդը միանում է իր Արարչին, սրտակից զրույց ունենում Նրա հետ, հոգով բարձրանում դեպի Աստված և մտերմանում Նրա հետ։

Աղոթք – ըստ Տաթևացու բառի հիմքն է աղը,այսինքն՝ որպես աղն համենայնի իր խառնի և զամենայն ի համ բերէ։

Տեղին եմ համարում մեջբերել սուրբ Օգոստիանոսի հայտնի աղոթքը․<<Տեր,այդ ինչպես է լինում,որ ճամփորդելիս զարմանում ենք լեռների բարձրությամբ,ծովերի անծայրածիրությամբ,գետերի հունով,աստղերի ընթացքով,իսկ երբ նայում ենք ինքներս մեզ,չենք էլ նկատում մեծագույն հրաշքը>>։
Այնուհետև կհնչի մյուս հարցադրումը․<<Ինչ եք զգում,ինչ ապրումներ եք ունենում ,երբ անցանկալի ,վատ արարք է կատարվում>>։Մտքերի փոխանակման ընթացքում որպես նախագիտելիք անդրադառնում եմ մեղք,զղջում,խոստովանություն հանգուցային բառերին՝ սահուն անցում և իմաստալից կապ ապահովելով իմ բանավոր հաղորդման համար
։Արդյոք մեղք գործեց Նարեկացին երբ միջնադարի պայմաններում դուրս եկավ եկեղեցու դոգմատիկ մտածողության շրջանակներից և փորձեց զուգահեռներ անցկացնել մարդու և Աստծու միջև և ձուլվել աստվածային էությանը։
Ներկայացնել 10-11-րդ դարերը․
10-11-րդ դարը խաղաղության դարաշրջան էր ,հայ ժողովուրդը բռնել էր կյաքնի նորոգման ուղի։100-ամյա խաղաղության շրջանում հայ ազգը վերաշինեց իր պետականությունը և զարգացրեց մտածողության բոլոր ձևերը։

Մատյանը գրելու շարժառիթը
Կենսագրությունը ուսումնասիրելու ժամանակ արդեն աշակերտները տեղյակ են այն մեղադրանքներին,որ ներկայացվեցին Նարեկացուն և նրա հորը։
Նարեկացուն անվանեցին ծայթ,այսինքն՝ հավատուրաց։Նարեկացին ստիպված էր արդարանալ և էլ ավելի խորացնել իր հավատը,որովհետև ուրիշ կառչելու տեղ չուներ․Աստվածն էր ու ինքը։
Անկասկած ճաշակած անձնական հալածանքը ,ինչպես նաև ծանրագույն ճգնաժամային հոգեվիճակը, որում հայտնվել էր բովանդակ Հայաստանը կրոնական առճակատումների և երկփեղկվածության պատճառով, միտք էին տվել նրան գրել այնպիսի գործ,որը լուծում կտար ստեղծված իրավիճակին։Նա քաջ գիտակցում էր ,որ կրոնական բնույթի առճակատումները շեղում են մարդուն ճշմարիտ ուղուց։Սա էր գուցե նպատակը,որ նա վերցրեց գրիչը ու ստեղծեց եզակի ու բացառիկ մի կոթող։
Հնչում է հատվածներ Նարեկից։
Ուրվագծվում է մատյանի և գեղարվեստական,և խոստովանական բնույթը՝ շեշտելով մեծահանճար բանաստեղծի և սրբի՝ կատարյալ մարդու երազանքը։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։
Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության և աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում․
Զի դու միայն ես երկնքում անճառ
և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի
բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
ամբողջ լրումով։

Պոեմի հատվածների ընթերցանությունը կօգնի ,որ մտքերի փոխանակման ընթացքում ծնված զգայական ընկալումները փոխակերպվեն գիտակցականի,այն է ՝ մեղքը կարելի է քավել անկեղծ զղջմամբ և խոստովանությամբ։

Ներկայացել մատյանի կառուցվածքը
Պետք է խուսափել Նարեկը որպես բուն քրիստոնեական դավանաբանական գործ ներկայացնելուց։Ճիշտ է,Նարեկը առանձնանում է քնարական պոեմներից,բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր,բայց պոեմը ունի սկիզբ,վախճան,ներքին զարգացման կուռ միասնություն և ամբողջականություն։
Հետադարձ կապ․Խորենացու <<Ողբը>>։
Խորենացին պատկերեց պետականության կործանման հետևանքով բարոյազրկված ժողովրդի տարբեր խավերին,Նարեկացին պատկերեց մեղքերով ապականված ողջ մարդկությանը՝ արքաներից մինչև վերջին մուրացկանը։

  • Լրահոս