Այսօր Վահան Տերյանի հիշատակի օրն է։

«․․․Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ պնդեց իրեն հագցնել ու նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին և խնդրում էր դրանք շփել, և ինքը հանգիստ էր:

Հարցնում էր, ինչ եմ կարծում, ո՞ւմ համար է ավելի դժվար՝ նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են:

Նրա մարմինը բոլորովին անշնչացել էր, ոչինչ չէր կարողանում ուտել. նրա համար խոսելը դժվար էր. 5 րոպե անգամ քնել չէր կարողանում. գխտոցը տանջում էր. միայն ասում էր, որ որքան կարելի է շուտ գնանք Մոսկվա:

Առավոտյան ես գնացի հաջողեցնելու մեր մեկնումը: Վերադարձա. նա խնդրեց բժիշկ հրավիրել. ամբողջ քաղաքը ման եկա և բժիշկ չգտա՝ սուրբ ծնունդ էր, և ոչ ոք չէր գալիս:

Այն ժամանակ նա խնդրեց կամֆորա սրսկել իրեն:

Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի ֆելդշերին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ 2-ում, 9 վերստ հեռու):

Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր աշխատում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարեցնել դարձյալ մեկ շաբաթով»:

Կամֆորայից հետո 2 ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել:

Ես կատարեցի նրա խնդրանքը։

Դրանից հետո կամաց-կամաց գիտակցությունը կորցրեց, սկսեց հանգիստ մեռնել»:

Հատված՝ Անահիտ Տերյանի «Վահան Տերյանի կյանքի վերջին օրերը» հուշից։

  • Լրահոս